ԱՄՆ-ը 2 մլն դոլար է տրամադրում հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում ականազերծման գործողությունների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կիրակի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ:
«Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար Միացյալ Նահանգներն ուրախ է հայտարարել 2 միլիոն դոլարի տրամադրման վերաբերյալ ականազերծման մարդասիրական գործողություններ իրակացանելու համար 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում։ Հակամարտության գոտում ականներն ու չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանվածների անվտանգ վերադարձը»,- նշված է հայտարարությունում:
Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին նույն նպատակով հատկացվել էր 500 հազար դոլար։