Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ, փոխանցում է News.am-ը:
97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ և հաղթեց 5:1 հաշվով:
Առաջին մրցափուլում Ալեքսանյանը վերևից աշխատելու հնարավորություն ստացավ և իրար հաջորդող երկու միավորանոց գլորումներով հաշվը դարձրեց 5:0: Միլովն առաջին մրցափուլում միավոր չկարողացավ վաստակել:
Երկրորդ մրցափուլում Միլովը պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ, բայց օլիմպիական չեմպիոնը հրաշալի պաշտպանվեց ներքևում: Մինչև գոտեմարտի ավարտը Արթուր Ալեքսանյանը Միլովին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց: Գոտեմարտն ավարտվեց 5:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակով:
Աշխարհի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջանը կատարեց հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ, որը նաև նրա անձնական մարզիչն է: