Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն ավարտել է «ռազմական գործողությունը» ՀՀ սահմանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ռազմական գործողության» ավարտի մասին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Վերադառնալով Սամարղանդից՝ թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է, որ նման տեղեկություն է ստացել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից։
Էրդողանը լրատվամիջոցներին ասել է, թե իմաստ չունի քննարկել այն, ինչն արդեն ավարտված է։
«Մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք»,–հավելել է նա:
Ընդ որում, թուրք առաջնորդը կրկին դիմել է Երևանին՝ կոչ անելով ավանդույթի համաձայն «գործել նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան, կենտրոնանալ խաղաղության և համագործակցության վրա»:
«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, իսկ խաղաղությունն ու կայունությունը երկարընթաց լինեն»,–ասել է Էրդողանը։