65 ընկերություններից բաղկացած ռուսական տնտեսական պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին կժամանի Թեհրան՝ տնտեսական բանակցություններ վարելու նպատակով, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իրանի արդյունաբերության նախարարությանը։
Իրանի արդյունաբերության և հանքերի նախարարության խոսնակ Օմիդ Ղալիբաֆը հայտնել է, որ վաղվանից Թեհրանում բանակցություններ կսկսեն 65 ռուսական ընկերություններ՝ 100 հոգով։
Ընդգծելով առևտրային հարաբերությունները խորացնելու Իրանի և Ռուսաստանի վճռականությունը՝ Իրանի նախարարության խոսնակն ասել է, որ ռուսական Expo Center-ի հայտարարության համաձայն՝ մինչև այս տարվա վերջ Իրան կմեկնի ավելի քան 10 խոշոր գործարար պատվիրակություն։
Նա նաև պարզաբանել է, որ առևտրային պատվիրակության մաս կազմող ռուսական ընկերությունների գործունեության շրջանակը ներառում է սննդի և գյուղատնտեսության արդյունաբերությունը, հրուշակեղենի և շոկոլադի, ջրային արտադրանքի, սննդի և գյուղատնտեսության արդյունաբերության սարքավորումներ ու մեքենաներ, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, ապակի ու բյուրեղներ, մետալուրգիական արդյունաբերություն, հեռահաղորդակցության և ռադիոհամակարգեր, էներգիա և թափոնների վերամշակում։
Ղալիբաֆը հավելել է, որ Ռուսաստանի առևտրային պատվիրակության հետ բանակցությունները ղեկավարելու են Թեհրանի Առևտրի պալատը ու ողջ երկրի առևտրի պալատների անդամները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ընկերությունները։