2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի քննարկումների արդյունքում ստեղծվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ։ Այն կզբաղվի նորմատիվ կարգավորման միասնական մոտեցումների մշակմամբ, միասնական տվյալների բազայի և համապատասխան գրադարանների ստեղծմամբ, որոնց օգտագործումը թույլ կտա օպտիմալացնել և արագացնել մաքսային հսկողությունը:
Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 40-րդ նիստն անցկացնել 2022 թվականի 4–րդ եռամսյակում՝ Ղազախստանի Հանրապետությունում:
Միավորված կոլեգիայի նիստի նախօրեին պատվիրակությունը ծանոթացել է Մոսկվայի տարածաշրջանային մաքսատան էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնի աշխատանքին, որտեղ մշակվում է ՌԴ հայտարարագրերի մինչև 20%-ը: