ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուղիղ պատասխան չի տվել լրագրողների հարցին, թե արդյոք պատրա՞ստ են դիտարկել Ուկրաինայի` դաշինքին անդամակցելու դիմումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ժողովրդավարական երկիր «իրավունք ունի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և ՆԱՏՕ-ն հարգում է այդ իրավունքը: Եվ մենք ասել ենք, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և դա ցույց ենք տվել վերջին տարիներին»,- ասել է նա ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ կա նոր երկրների ընդունման ընթացակարգ, ինչը ենթադրում է, որ այդ որոշմանը պետք է աջակցեն դաշինքի ներկայիս բոլոր անդամները։
Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն ներկայումս կենտրոնացած է Ուկրաինային օգնություն տրամադրելու վրա:
«Մենք պետք է միասնական լինենք Ուկրաինային աջակցելու հարցում, ոչ միայն այն պատճառով, որ դա բխում է Ուկրաինայի շահերից, այլ նաև այն պատճառով, որ օգնելով նրան ինքնապաշտպանության հարցում, մենք կխոչընդոտենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին հաղթանակ տանել պատերազմում», - ասել է Ստոլտենբերգը։