Շրջանների ղեկավարներն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու, բայց նույնիսկ դժվարին պահերին զգացմունքները չպետք է գերակշռեն։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքերն այն մասին, որ հատուկ գործողության ընթացքում «անհրաժեշտ են ավելի կտրուկ միջոցներ՝ ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրության հայտարարում և ցածր արտադրողականության միջուկային զենքի կիրառում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շրջանների ղեկավարներն ունեն իրենց տեսակետը հայտնելու, գնահատականներ տալու լիազորություն։ Ի վերջո, նրանք Ռուսաստանի ողջ շրջանների ղեկավարներն են, այդ թվում՝ Ռամզան Կադիրովը, ով, ինչպես գիտեք, շատ բան է արել հատուկ ռազմական գործողության հենց սկզբից և շատ մեծ ներդրում է ունեցել։ Եվ դեռ շարունակում է ունենալ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով, սակայն «նույնիսկ դժվար պահերին, միևնույն է, հավանաբար, էմոցիաները պետք է բացառվեն ցանկացած գնահատականներից»։
Հարցին, թե միջուկային զենք կիրառելու կոչը կարելի՞ է համարել հույզերի դրսեւորում, Պեսկովը հիշեցրել է. «Մեր երկրում միջուկային զենքի կիրառումը տեղի է ունենում համապատասխան դոկտրինում նշվածի հիման վրա: «Այստեղ այլ նկատառումներ լինել չեն կարող»,- ընդգծել է նա։