ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունն օրերս այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ռազմաուսումնական հաստատություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է գործընկերների հետ՝ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության հարցերի շուրջ: