Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ հաստատելով նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է տարկետման իրավունք տալ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով սովորող ուսանողներին:
Բուհերի և մասնագիտությունների ցանկը հաստատելու է Կառավարությունը:
Արտոնությունից կարող են օգտվել բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողները: Առաջարկվող երկրորդ փոփոխությամբ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից բարձրացվում է 28-ի:
«Սա արվում է, քանի որ այսօր հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Այդ սահմանափակումը 27 տարի էր այն ժամանակ, երբ հանրակրթությունը 10 տարի տևողություն ուներ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ սրանով կլուծվի խնդիրը, և ասպիրանտուրայում սովորող ուսանողները ստիպված չեն լինի ասպիրանտուրայի երկրորդ տարում ամեն կերպ ավարտել դիսերտացիան և պաշտպանել այն:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: