Հայաստանի առնվազն չորս բուհ մինչև 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը. նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստում՝ ներկայացնելով «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
Կրթության զարգացման պետական նախորդ ծրագիրն ընդունվել է 2011 թ., գործել՝ մինչև 2015 թ.: Նոր ծրագրով սահմանված է երեք ռազմավարական ուղղություն. առաջին՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, երկրորդ՝ կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, երրորդ՝ կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:
Փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը:
Նախատեսվում է, որ առաջիկա 8 տարվա ընթացքում առնվազն կկրկնապատկվի հայաստանյան բուհերում սովորող ուսանողների թիվը: Նախարարի խոսքով՝ փաստաթղթի հիմքում կրթության որակի բարձրացումն է և այն միջազգայնորեն մրցունակ դարձնելը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախարարից հետաքրքրվել է, թե արդյո՞ք կայացած երկրներում ևս դպրոցն ավարտելուց հետո զորակոչում են բանակ: Նախարարը նշել է, որ հարցին ամբողջական պատասխանել չի կարող. կան երկրներ, որտեղ զորակոչվում են և կան, որտեղ չեն զորակոչվում: Նա ընդգծել է, որ այդ հարցն իր ղեկավարած նախարարության ոլորտը չի կարգավորում: