ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, այդ թվում՝ հայ զինվորների և ականներից ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահով, նա ողջունել է նախարարների հոկտեմբերի 2-ի հանդիպումը՝ որպես խաղաղության գործընթացում ձեռնարկված կարևոր քայլ։ Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել է, որ դիվանագիտությունն է միակ ճանապարհը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: