Ուկրաինայում հակամարտություն չէր լինի, եթե չլինեին Ուկրաինայի և Արևմուտքի` պատմությունը պատռելու փորձերը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Գուցե այսօրվա հակամարտությունը չլիներ, եթե չլինեին Ուկրաինայում ու Արևմուտքում որոշ ուժերի կողմից պատմությունը փոփոխելու և մասնատելու փորձերը», - ասել է ՌԴ նախագահը «Տարվա ուսուցիչ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիրների և եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը նշել է, որ նեոնացիզմի գաղափարներն ամենուր կան, բայց ոչ մի երկիր չի փառաբանում այն, բացի Ուկրաինայից, որը նեոնացիստներին ազգային հերոսների շարքն է դասում։
«Այո՛, դա ամբողջ աշխարհում հավանաբար կա, բայց ես չգիտեմ այլ երկիր, բացի այսօրվա Ուկրաինայից, որտեղ նրանց դասում են ազգային հերոսների շարքը։ Այո, և Փարիզում դա կա, գուցե Մոսկվայում էլ ինչ-որ նեոնացիստներ կան ինչ-որ տեղ թաքնված, բայց մենք նրանց հետապնդում ենք, մենք պայքարում ենք դրա դեմ», - ավելացրել է նա։
Իսկ Ուկրաինայի դեպքում, ՌԴ նախագահի խոսքով, նրանց մեծարում են, պատվո հարթակին են բարձրացնում, թույլ են տալիս բազմահազարանոց ջահերով երթեր անցկացնել խոշորագույն քաղաքների կենտրոնում: