Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացումը հնարավոր է մեկ ճանապարհով՝ ժողովրդավարությամբ: Այն մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Իր ելույթում այս համոզմունքն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը:
Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուների ընտրության հարցերն են:
Վահագն Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանը վերջին տարիներին ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով, ինչն այսօր միջազգայնորեն արձանագրված փաստ է: «Չկա ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություն, չի կարող լինել ժողովրդավարություն»,- ընդգծել է Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների դեմ իրականացված ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է մեր պետության ինքնիշխանության դեմ:
Թեկնածուի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը վերջին 25 տարիներին անընդհատ զարգացել է, իսկ վերջին տարիներին առավել քան առաջընթաց է ապրել: Դրան նպաստել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ՝ հայաստանյան քաղաքական ուժերը, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններն ու դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները, դեռևս գործող ԿԸՀ-ն և այլն:
Ընտրական համակարգի բարեփոխումը շարունակական գործընթաց է, որի առանցքում պետք է լինի առավել թափանցիկության ապահովումը: Այս համոզմունքն է հայտնել Վահագն Հովակիմյանը:
Թեկնածուն վստահեցրել է՝ ընտրվելու դեպքում չի խնայելու ջանքերը, որպեսզի նպաստի, որ Հայաստանում ժողովրդավարությունն էլ ավելի զարգանա:
«ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ ընտրական համակարգի հեղինակության և վստահելիության բարձրացման, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն էլ ավելի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային»,- հավաստիացրել է Վահագն Հովակիմյանը:
Պատասխանելով պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին, թե ինչ է թեկնածուի համար ժողովրդավարությունը՝ Վահագն Հովակիմյանն ասել է. «Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձև է»:
Պատգամավորներ Էմմա Պալյանը և Խաչատուր Սուքիասյանը դրական են գնահատել Վահագն Հովակիմյանի առաջադրումը ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ նա, ընտրվելու պարագայում, լավագույնս կիրականացնի իր աշխատանքը:
ԿԸՀ նախագահի թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա Վահագն Հովակիմյանին գնահատել է որպես սկզբունքային, պայքարող, ժողովրդավարական արժեքները մշտապես գնահատող և արդարադատություն որոնող անձնավորություն: