ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, նրան տրամադրել տնտեսական ու հումանիտար օգնություն։