Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել:
«Ըստ հիմնարար կետերի, որոնք դրանք հինգն են՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այստեղ են մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն։ Մնում է միայն իրականացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով, Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։
«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք դա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է պատասխանել:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելեց, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է ընթացք է ունեցել։ Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանը ճնշումների է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։