ԵԽԽՎ-ի նախագահ Թինի Քոկսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կրկնապատկել հակամարտության խաղաղ և կայուն լուծման ջանքերը։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին նա ասել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։
«Եվրոպայի խորհուրդն աջակցում է Ուկրաինայի ժողովրդի խիզախ պայքարին հանուն իրենց երկրի և մեր անդամ պետության ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության և վերականգնման»,- ասել է Թինի Քոկսը՝ ավելացնելով, որ կարևոր շատ այլ հարցեր Եվրոպայում նույնպես սևեռուն ուշադրություն են պահանջում։
«Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերջին էսկալացիան է, որը հանգեցրեց նոր զոհերի երկու կողմում էլ։ Ես կոչ եմ անում երկու երկրներին կրկնապատկել հակամարտության խաղաղ և կայուն լուծմանն ուղղված իրենց ուժերը, հակամարտություն, որը բացասաբար է ազդում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա Հարավային Կովկասի տարածաշրջանում»։
ԵԽԽՎ-ի նախագահը հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին կոչ է արել օգտագործել ԵԽԽՎ-ի նստաշրջանը՝ որպես ամենաբարդ հարցերի քննարկման հնարավորություն, որպեսզի երկխոսություն ստեղծվի և տարաձայնությունները հաղթահարելու փորձ արվի։
«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- ավելացրել է նա։