Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյութֆիլդտը քննարկել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Միրզոյանը նոր ագրեսիայի կանխարգելման համատեքստում շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և այս հարցում միջազգային գործընկերների՝ այդ թվում Նորվեգիայի աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարների քննարկումների առանցքում, ի թիվս այլ հարցերի, եղել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Միրզոյանն իր գործընկերոջն է է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: «Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ: Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան՝ որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
ԱԳ նախարարը հատկանշական համարեց, որ Նորվեգիայի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում:
ԱԳ նախարարները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Այս առումով Միրզոյանն ընդգծեց երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների դերակատարումը՝ կարևորելով պարբերաբար քաղաքական խորհրդակցությունների անցկացումը: «Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ: Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ առանձնացրել ենք տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, նաև՝ թվային կառավարումը»,-ասաց Միրզոյանը: