Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակը լիցքաթափելու համար Ղրղզստանը նպատակահարմար է համարում ՀԱՊԿ ռազմական կոնտինգենտ տեղակայել. այն տարածքում, որտեղ վերջերս նկատվում է կոնֆլիկտային իրավիճակ։ Այս մասին չորեքշաբթի Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության ղեկավար Բակտիբեկ Բեկբոլոտովը։
«Սահմանին (Տաջիկստանի հետ) խաղաղություն և հանգստություն չի լինի, քանի դեռ արբիտր չի կանգնել ղրղզների և տաջիկների միջև: ՀԱՊԿ փոքր զորախումբը կարող է տեղակայվել վիճելի տարածքներում՝ վերահսկելու տեխնիկայի հետքաշումն ու հրադադարը», - ասել է նա:
Նրա խոսքով, Դուշանբեի հետ վիճելի տարածքների շուրջ կոնսենսուսի հասնելը բավականին դժվար կլինի, քանի որ կողմերից յուրաքանչյուրն ունի «իր ճշմարտությունը»։
Ըստ նախարարի, միայն Ղրղզստան-Տաջիկստան սահմանին ՀԱՊԿ զորախմբի տեղակայումից հետո հնարավոր կլինի շարունակել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը։