Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում», ինչպես նաև ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագրին, փոխանցում է NEWS.am-ը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ բյուջեից՝ ԵՄ-Հայաստան 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով, առաջին համաձայնագրի ծրագրով նախատեսված է 10 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:
«Մասնավորախպես աջակցությունը կտրամադրվի ՆԳՆ-ի ձևավորմանը, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման մասով, ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, այդ թվում պարեկային ծռայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում հաստատությունների նյութատեխնիկական ապահովման և միգրացիոն քաղաքականության մշակման և իրականացման կարողությունների հզորացման մասով:
Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը և նոր 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մշակմանը, ինչպես նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման խթանման նպատակով»,-ասաց փոխվարչապետը:
Հաջորդ համաձայնագիրը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որով նախատեսված է 23 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալտնտեսական վերականգնմանը և զարգացմանը. «Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը: Ըստ այդմ, շուրջ 1500 միջին և փոքր միկրոձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան առնվազն 200 փոքր միկրոձեռնարկությունների կտրամադրվեն դրամաշնորհներ՝ բիզնեսների արտադրողականության բարձրացման և Եմ շուկա արտահանման խթանման նպատակով:
Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսովորմանը: Այս բաղադրիչի ներքո կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնման ուղղված նախաձեռնություններ: Ծրագրի շրջանակներում կա նաև կրթական բաղադրիչ, կհամաֆինանսավորվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի «Թումո»-ի կողմից Գյումրիում խոհարարություն և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը:
Ծրագրի երկրորդ բաղադրիչով աջակցություն կտրամադրվի ՀՀ-ում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, ոլորտում աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության համակարգի ներդրմանը:
Օժանդակություն կտրամադրվի նաև միասնական սոցիալական ծառայությունների կենտրոնների տեխնիկական հագեցման նպատակով: Այս բաղադրիչի ներքո թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,-ասաց Մհեր Գրիգորյանը: