Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կարող են սկսել սահմանամերձ առևտուրը. ԶԼՄ
Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կարող են առաջին լուրջ քայլերը ձեռնարկել սահմանների բացման և առևտրի կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «Սաբահ» թերթը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Պարբերականի տեղեկություններով` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև հուլիսին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներովԹուրքիայում հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է անցկացնել փորձագետների բանակցություններ, որոնք կքննարկեն 2 երկրի միջև սահմանի բացման և սահմանային առևտրի հաստատման հարցը:
«Թուրքիայում Ակյակի սահմանային անցակետից հեռադիտակով երևում է Հայաստանի Ալիկան անցակետը։ 1993 թվականին, երբ սահմանը փակվեց, դրանով 40 հազար տոննա ապրանք է տեղափոխվել, ինչին էլ հետևել է 140 հազար մարդ։ Սահմանը բացելիս այդ ցուցանիշները կաճեն 10 անգամ։ Հայաստանի հետ սահմանը բացելու որոշում կայացնելուց հետո Ակյակա անցակետը կգործի մեկ ամսվա ընթացքում»,– նշում է «Սաբահը»։
Դիվանագիտական աղբյուրները, որոնց վկայակոչում է թերթը, դրական են բնութագրում Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացին վերաբերող վերջին իրադարձությունները։ Ընդ որում`նրանք 2 երկրի միջև սահմանի բացումը կապում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն այսուհետ տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրի տարածքում։