«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտ կատարված ահաբեկչության պատասխանատվությունը:
Այս մասին գրում է Mehr գործակալությունը՝ հավելելով, որ ահաբեկչությունն իրականացվել է մեկ հոգու կողմից: Դրա հետևանքով զոհվել է 15 մարդ, կա 19 վիրավոր:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դատապարտել է կատարվածը՝ հայտարարելով, որ Իրանը թույլ չի տա ահաբեկիչներին խաթարել իր անվտանգությունը։
«Կան կոնկրետ տեղեկություններ, որ թշնամիները բազմակողմանի ծրագիր են մշակել Իրանն անապահով դարձնելու համար: Անկասկած, մենք թույլ չենք տա, որ Իրանի ազգային անվտանգությունն ու շահերը վտանգի ենթարկվեն ահաբեկիչների և օտարերկրյա միջամտողների կողմից, որոնք հավակնում են լինել մարդու իրավունքների պաշտպաններ»,- ասել է ԱԳ նախարարը: