ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած զրույցի ժամանակ զայրացել է , երբ Զելենսկին խնդրել է ավելի շատ օգնություն տրամադրել Կիևին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բայդենն ադ զրույցի ընթացքում հայտնել է, որ Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Սակայն դեռ խոսքը չավարտած Զելենսկին անմիջապես սկսել է խոսել այն մասին, թե ինչ լրացուցիչ օգնության կարիք ունի Կիևը:
Բայդենը կորցրել է ինքնատիրապետումը և ասել, որ ամերիկացի ժողովուրդը «շատ առատաձեռն է եղել», և ԱՄՆ զինված ուժերն ու վարչակազմը բոլոր ջանքերը գործադրում են Կիևին օգնելու համար:
ԱՄՆ նախագահը բարձր տոնով Ուկրաինայի նախագահին ասել է, որ հարկավոր է «ավելի շատ երախտագիտություն ցուցաբերել»։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 15-ի հեռախոսազրույցից շաբաթներ առաջ է դեռ Բայդենը հիասթափվել Զելենսկիի պահվածքից: Բայդենը և նրա որոշ օգնականներ այն ժամանակ հայտնել են, որ ԱՄՆ իշխանություններն անում են այն ամենը, ինչ կարող են, և որքան հնարավոր է արագ, բայց Զելենսկին կենտրոնանում է միայն «նրա վրա, ինչ չի արվել»: