ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Սաադաբադ» պատմամշակութային համալիրում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ, անշուշտ, Փաշինյանի այցը Թեհրան բեկումնային պահ է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործում: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Ռայիսին ՀՀ վարչապետի հետ հանդիպման արդյունքներով բանակցությունների գլխավոր թեման է համարել տնտեսության, առևտրի և անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացումը։ Իրանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները վերջին ամիսներին աճել են 43%-ով, սակայն կողմերը նախատեսում են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։
Նրա խոսքով, երկու երկրների միջև լավ կապերը կհանգեցնեն ավելի լավ հարաբերությունների տարածաշրջանային և միջազգային առումներով։
«Կովկասը համարվում է Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մաս, և մենք զգայուն ենք այդ տարածքում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Անվտանգությունն ու խաղաղությունը Կովկասում շատ կարևոր են Իրանի համար»,- հավելել է Ռայիսին։
«Մենք կարծում ենք, որ Կովկասի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի խաղացողները, և օտարների ցանկացած միջամտություն կհանգեցնի նոր մարտահրավերների»,- եզրափակել է Իրանի կառավարության ղեկավարը։