Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես, պատրաստվում է իշխանություն վերադառնալ, հայտնում է NEWS.am-ը:
«Մենք Իսրայելի ժողովրդի վստահության մեծ քվե ենք ստացել»,- ասել է ժպտացող Նեթանյահուն իր «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում։ «Մենք շատ մեծ հաղթանակի շեմին ենք»։
Երբ ընտրարշավի ժամանակ Նեթանյահուն խռպոտած ձայնով խոստացել է ձևավորել «կայուն ազգային կառավարություն», ամբոխը նրա խոսքն ընդհատել է «Բիբի, Իսրայելի թագավոր» կոչերով, տեղեկացրել է Reuters-ը։
Էքզիտպոլերի համաձայն՝ Նեթանյահուն հնարավորություն ունի վերադառնալու, նրա չորս կուսակցությունների դաշինքը ենթադրաբար կստանա Կնեսետի 120 տեղերից 62-ը։
Նեթանյահուն ասել է, որ կսպասի ձայների հաշվարկին, վերջնական արդյունքներն սպասվում են առաջիկա օրերին։
Իսրայելի «ամենաերկարատև» վարչապետի կառավարումն (12 տարի) ավարտվեց 2021թ. հունիսին, երբ կենտրոնամետ Յայիր Լապիդին հաջողվեց ձևավորել լիբերալների, աջերի և արաբական կուսակցությունների կոալիցիոն կառավարություն։ Բայց փուխր միությունը փլուզվեց նրա կառավարումից մեկ տարի հետո։
Երբ ստացվեցին փաստացի արդյունքները, Լապիդը հայտարարեց, որ կսպասի ձայների վերջնահաշվարկին։ Երեքշաբթի օրվա տվյալներով՝ նրա ճամբարը կստանա 53-54 տեղ Կնեսետում։
«Մարդիկ այլ ճանապարհ են ուզում,- ասել է Նեթանյահուն,- նրանք ուժ են ուզում, ոչ թե թուլություն... նրանք դիվանագիտական իմաստնություն և ամրություն են ուզում»։
Չորս տարվա ընթացքում հինգերորդ ընտրություններում գերիշխողը Նեթանյահուի անձն է, որի իրավաբանական «մարտերը» փակուղային իրավիճակ են ստեղծում, որն արգելակում է Իսրայելի քաղաքական համակարգը 2019-ից և խորացնում պառակտումը նրա կողմնակիցների և հակառակորդների միջև։
Նեթանյահուն Բեն-Գվիրի ուլտրանացիոնալիստների և ուլտրաաջ մեկ այլ առաջնորդի՝ Բեցալել Սմոտրիչի աջակցության հույսն ուներ։ Բայց կառավարությունում Բեն-Գվիրի («Կախ»-ի նախկին անդամ. սա խումբ է, որը ներառված է Իսրայելում և ԱՄՆ-ում ահաբեկիչների հսկման ցուցակում, իսկ Բեն-Գվիրը մի ժամանակ դատապարտվել է ռասիստական հրահրումների համար) ներկայությունը կարող է տագնապեցնել դաշնակիցներին, ներառյալ Վաշինգտոնը։
Նեթանյահուն, որը 2020թ. պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ, հայտարարել է, որ կառավարությունն իր ղեկավարությամբ կգործի պատասխանատու կերպով, կխուսափի «անպետք արկածախնդրություններից» և «կընդլայնի շփումների շրջանակը»։