Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացմամբ և ուժի մեջ մտնելով՝ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրինացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ: ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ և ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաև հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում. ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Միաժամանակ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և առհասարակ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ:
Փոխնախարարը նշել է, որ նպատակն է կողմերի միջև շուկայի աճող հասանելիության, ավիափոխադրողների սեփականության իրավունքի և վերահսկողության ազատականացման, արդար և հավասար մրցակցային պայմանների, ոչ խտրական մոտեցման և միասնական պայմանների վրա հիմնված, ներառյալ՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երթևեկության կառավարման, սոցիալական հայեցակետերի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծումը:
««Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2021 թ. նոյեմբերին Բրյուսելում:
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում: