Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը։
Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ քահանայապետական Scholas Occurrentes հիմնադրամի կողմից։ Խաղից առաջ Հռոմի Պապն ընդունել է ֆուտբոլիստներին, մրցույթի կազմակերպիչներին և նրանց ընտանիքներին։
Նշվում է, որ խաղին մասնակցել են ֆուտբոլային աշխարհում հայտնի անուններ։ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագրով մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, երկրորդ անգամ՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին։
Այս անգամ այն յուրահատուկ հարգանքի տուրք է երջանկահիշատակ ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին, ով եղել է «Հանուն խաղաղության» մրցույթի կազմակերպման համակիրներից ու ջատագովներից մեկը։