Այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, դարձյալ, եթե սոցիալական իմաստով գնահատելու լինենք, հետևյալի մասին է.ամեն հաջորդ օր, նաև հաջորդ տարի, մեր քաղաքացիները, խոսքը վերաբերում է աշխատող աղքատներին, միայնակ կենսաթոշակառուներին, ընդհանրապես` աղքատ ընտանիքներին, ավելի վատ են ապրելու ամեն հաջորդ օր, քան դրա նախորդ օրը, քանի որ ամեն հաջորդ օր գներն աճում են, իսկ եկամուտները դրան համաչափ` ոչ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում:
Իրավական տեսանկյունից գնահատելով` պատգամավորը նշել է, թե սա հակասում է մեր երկրի սահմանադրական հիմնական պահանջներին, քանի որ մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է լինի սոցիալականը:
Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է սոցիալական հարցերին, ժողովրդագրական խնդիրներին, սպառողական ապրանքների գնաճին և ցածր աշխատավարձերին` համեմատականներ անցկացնելով պաշտոնատար անձանց և շարքային քաղաքացիների աշխատավարձերի միջև: Ըստ պատգամավորի` ահագնացող գնաճի բոլոր գործոններն այժմ կան. կանխատեսվում է, որ դա շարունակվելու է նաև հաջորդ տարի:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է իրենց խմբակցության` քառօրյային մասնակցելուն, նշելով, որ այս լիագումար նիստին մասնակցելը պայմանավորված էր նրանով, որ այն կարևոր հարցերը որոնք ունեին, որոնք տեղավորվում էին իրենց օրակարգում, այդ հարցերի շուրջ մասնակցեն քննարկումներին և բարձրաձայնեն իրենց տեսակետը:
«Այդքան գովերգած նախագծերը լոկ փոքր դետալներ են: 2 տարի է իշխանությունը խոսում է ԶՈՒ բարեփոխումների ռազմավարության մասին: 2022 թ. փետրվարին Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ռազմավարությունը պատրաստ է, բայց արդեն հասել ենք նոյեմբեր ամիս, դեռ գլոբալ ռազմավարությունը ներկայաացված չէ: Փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխումներ են իրականանում: Իրականում այս նախագիծը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որն իշխանությունն իր հիմնավորումներում նշում է, որ չի հաջողել, նշանակում է, որ այս իշխանությունը` իր նշանակած Պաշտպանության նախարարներով, զինվորական վերնախավով տապալել է այդ ծրագիրը և նոր ծրագիր է առաջ բերում, որն ինքնին խնդրահարույց է»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը: