ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
Նրա խոսքով՝ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության և միջսեսիոն շրջանում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական, հակաահաբեկչական համագործակցությանը վերաբերող որոշումների փաթեթը։
Նեչաևը նշել է, որ նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին: