Եվրամիությունը մտադիր է մինչև դեկտեմբերի 5-ը ավարտել անհրաժեշտ կանոնակարգերի նախապատրաստումը, որոնք հնարավորություն կտան իրականացնել էմբարգո սահմանելու որոշումը, ինչպես նաև ռուսական նավթի գների առավելագույն շեմը։ Այս մասին ուրբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր պատժամիջոցները վերաբերում են ԵՄ անդամ երկրներին մատակարարվող հում նավթին, ուստի մենք դեկտեմբերի 5-ից չենք գնի ռուսական նավթ։ Մենք միջազգային գնորդների համար նավթի գների հնարավոր ճեղքվածքը ծածկել ենք պատժամիջոցների ութերորդ փաթեթով»,- ասել է Սիմսոնը։
Նա նաև նշել է, որ Յոթնյակի (Մեծ յոթնյակի) երկրները շարունակում են կարծիքներ փոխանակել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու ուղիների շուրջ։
«Նպատակն, իհարկե, մինչև դեկտեմբերի 5-ը «Մեծ յոթնյակի» հետ համաձայնագրի շուրջ աշխատանքն ավարտելն է»,- ընդգծել է եվրահանձնակատարը։