Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, վկայակոչելով «IRNA» գործակալությանը, Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև սերտացող հարաբերությունների կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը կարևոր գործնական քայլ էր, որը երկու երկրների կողմից ձեռնարկվել էր տնտեսական կապերի ընդլայնման և գոհացուցիչ հեռանկարի առաջմղման համար:
Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպման ժամանակ ևս կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ վերջերս Հայաստան կատարած այցը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը ՝ հայտարարելով, որ մեծ զարգացում և շրջադարձային պահ էր երկկողմ հարաբերություններում։
Մնացական Սաֆարյանը նաև բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ առկա են համապատասխան հնարավորություններ և ենթակառուցվածքներ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար ՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն ՝ հիմնվելով համատեղ ջանքերի և ձգտումների վրա: