Լավ հիմքեր են ստեղծված Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա փոխզիջումների համար․ Պուտին

19:26     23 նոյեմբերի, 2022

Դրական ենք գնահատում Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների գագաթաժողովը։ Այս մասին նոյեմբերի 23-ին Երեւանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է News.am-ը։

Նրա գնահատմամբ, այս գագաթաժողովի արդյունքները, ներառյալ համատեղ հայտարարությունը, լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար։

Պուտինի խոսքով՝ սահմանազատման, տրանսպորտի ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման պայմանավորվածությունների հետեւողական իրականացման միջոցով կարելի է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման։

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ դա թույլ կտա Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հասնել։

Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը ուշադրություն է պահանջում։ Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՀԱՊԿ-ում նախագահելու համար։ 


© armedia.am