ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցին. Ալեն Սիմոնյան

13:00     24 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել հայտարարությունը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին, հաղորդում է Aysor-ը:

«Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Ես չգիտեմ, թե դրա հետ ՀԱՊԿ երկրները ոնց են մերվում կամ ոնց են դրա շարունակությունը տեսնում», - ասաց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Որ արդարացվեին՝ փաստաթուղթը կստորագրվեր»

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու հարցը մնում է Հայաստանի օրակարգում՝ ԱԺ նախագահն արձագանքեց.

«Մենք երբևիցե նման հայտարարույթուն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։


© armedia.am