Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կմիավորվեն և կգործեն մեկ կառույցի՝ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության ներքո:
«Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ հինգ հիմնական ոլորտ ` հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն , պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր: Նոր նախարարության ստեղծման փաթեթի մշակման փուլում իրականացվել են դրա կազմում ընդգրկվող բոլոր ծառայությունների և մարմինների , դրանց գործառույթների մասնագիտական խորը ուսումնասիրություններ և որպես ուղենիշ է ընդունվել այն սկզբունքը, որ ենթակա պետական մարմինները կենտրոնանալու են միայն իրենց մասնագիտական ֆունկցիայի իրականացման վրա»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից. տեղակալները` ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվելու և ազատվելու են կրկին վարչապետի կողմից:
«Նախարարության իրավասությանն են հանձնվելու իրենց բնույթով հանրային ծառայություններ հանդիսացող և ներկայում ոստիկանության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ: Նկատի ունենալով ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքների գործող համակարգը՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում քաղաքացիական ծառայության անցնելու դեպքում նախագծով նախատեսվում է կարգավորում առ այն, որ այդ ծառայողները նշանակվելու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում օգտվելու են պետական կենսաթոշակների մասին օրենքով սահմանված երկարամյա ծառայության, զինվորական ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից»,-ասաց նա:
Նախագծով առաջարկվում է զուգահեռաբար դադարեցնել արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. դրա համար որպես անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նախագծի ընդունումը չի նշանակում օպտիմալացում, չնայած դա նույնպես խնդիրների մեջ է մտնում:
«Այս փոփոխության ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է: Մենք նաև ոստիկանության, փրկարար ծառայության նոր ստանդարտներ պետք է ունենանք, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ արվել են»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ կարգավորումներով ոստիկանության պետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալ, ինչպես նաև անվտանգության խորհրդի անդամ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ոստիկանության զորքերը կվերակազմակերպվեն որպես ոստիկանության գվարդիա, որն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա:
«Արդյունքում մենք կունենանք նոր ոստիկանություն և նոր փրկարար ծառայություն : Նախարարի տեղակալներից մեկն էլ ի պաշտոնե պիտի փրկարար ծառայության պետը լինի »,-նշեց վարչապետը: