Ռուսաստանը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը կանոնավոր կապեր է պահպանում երկու կողմերի հետ՝ և՛ քաղաքական մակարդակով, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, ԱԳՆ-ների, և «տեղում»՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության միջոցով` զինված միջադեպերը կանխելու նպատակով»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան ելնում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունից, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի՝ ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի չկիրառման մասին պայմանավորվածություններից։