Մոտ ապագայում հավանական է, որ անձնագրերի միջոցով հնարավոր կլինի հատել հայ-թուրքական սահմանը։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը` տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:
Նա կարևորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Պրահայում կայացած հանդիպումը։
«Մենք ցանկանում ենք, որ ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման համար հիմք ստեղծվի։ Ղարաբաղյան հարցը լուծված է, և կապեր են հաստատվում, որոնք չէին կարող հաստատվել 30 տարվա ընթացքում։ Այժմ տեղի են ունենում ուղիղ շփումներ, այլ ոչ թե երրորդ կողմերի միջոցով: Դա շատ կարևոր է»,–ասել է Քալընը։
Նրա խոսքով` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով։
Քալընը նշել էր նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջ հետ շարունակում է շփումը, և այս ամսվա սկզբին էլ սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում տեղի ունեցավ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի տարածքում:
«Նույնիսկ մերոնք գնացել՝ հակառակ կողմում միասին հաց են կերել: Այս տեսանկյունից հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է իրականանում: 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց անցումները թույլատրելը մոտակա ժամանակում հնարավոր իրականացվելիք քայլեր են»,- ասել է նա։