Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծումից հետո փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերին, բայց՝ ապարդյուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է NEWS.am-ը։
Նրա՝ խոսքով՝ այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղարաբաղում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, Ռուսաստանը շարունակեց և այժմ էլ շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին տրանսպորտային և տնտեսական միջանցքների ապաշրջափակման հարցում, ինչն ազդակ կհաղորդի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև հարևան մյուս երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի զարգացմանը։
Նա նաև նշել է, որ այժմ ե՛ւ ֆրանսիացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ Եվրամիությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից թաղված Մինսկի խումբը՝ միջամտելով միջնորդական ծառայություններին, փորձում են ընտրել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ։
«Օրինակ՝ Բրյուսելում սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստի անցկացումը։ Ե՛վ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները քաղաքավարի են, նրանք գնում են այնտեղ։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը՝ չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը, որն առկա է միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»,-հավելել է Լավրովը։