ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ռիքեր

18:44     2 դեկտեմբերի, 2022

Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Այդ մասին հայտարարել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը, հայտնում է NEWS.am-ը։

«Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը։ Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային է խնդիրների կարգավորման և համապարփակ, տևական խաղաղության և բարեկեցության հասնելու հարցում։

Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ․ նա ասաց՝ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ աջակցելու կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին», - ասել է Ռիքերը։


© armedia.am