Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այս մասին դեկտեմբերի 5-ին, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանների ապառազմականացմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանրապես, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների և խորհրդարանականների միջև շփումների զարգացման միջոցով»,- ասել է Լավրովը։
Ջեյհուն Բայրամովն իր հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բոլոր մակարդակներով բանակցությունների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև ակտիվ երկխոսության մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ռուսական կողմի հետ քննարկման կարևոր թեմա են լինելու հետկոնֆլիկտային հարցերը և եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։