Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հնչեցրել է «խաղաղություն» հասկացության թուրքական ընկալումը։
«Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրների ճանապարհին»,- ասել է նախարարը՝ դիմելով թուրք-ադրբեջանական «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունների մասնակիցներին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրք նախարարն անուղղակիորեն հաստատել է Անկարայի մասնակցությունը Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային. «Համաշխարհային հանրությունը ականատես եղավ մեր միասնությանը 44-օրյա պատերազմի ընթացքում, որի արդյունքում Ադրբեջանի պատմական հողերը ազատագրվեցին երկար տարիների հայկական օկուպացիայից։
Աքարը կոչ է արել փակել տարածաշրջանում առկա հակասությունների և ատելության էջը, սկսել ընդհանուր ապագայի կերտում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա։ «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,- ընդգծել է թուրք նախարարը և «մատնանշել Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների բացման կարևորությունը, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը»։
Փաստորեն, Հուլուսի Աքարը խաղաղության կոչի քողի տակ հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանին՝ եթե չտրամադրեք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք «Եղբայրական բռունցքը»: