Գերմանիայում պետական հեղաշրջման նախապատրաստման հետ կապված իրավիճակը Գերմանիայի ներքին գործն է, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, ըստ բուն Բեռլինի վկայության, Մոսկվայի կողմից որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։
«Դրանք Գերմանիայի ներքին խնդիրներն են, և իրենք էլ հայտարարում են, որ ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին տեղեկացանք մամուլի հրապարակումներից։ Այս մասին ասելու ոչինչ չունենք»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել էր երկրում պետական հեղաշրջման փորձը ճնշելու մասին։ Լայնածավալ գործողության ժամանակ, որին մասնակցել է մոտ 3 հազար ոստիկան, գերմանական հատուկ ծառայությունները ձերբակալել են հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող 25 մարդու, ևս 27-ի նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում։