ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար։ Արմեն Գրիգորյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքային գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։
Ըստ աղբյուրի՝ դեսպան Թրեյսին իր հերթին շնորհակալություն է հայտնել առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ և գործնական հարաբերությունների ու արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն։