Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը. գալիք տարվա պետական բյուջեն հաստատվել է

11:51     8 դեկտեմբերի, 2022

Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր և ընդունել դրանք: ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր և մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման և մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգի և ժամկետների սահմանմամբ:

««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը ներկայացրել է Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը` մինչև նոր կենսաչափական անձնագրերի համակարգի ամբողջական ներդրումը:

Նախատեսվում է նաև մինչև 2024 թ. հունվարի 1-ը դադարեցնել ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը:

Փաթեթում առկա «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից:

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Նախագծերի մշակումը պայմանավորված է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ:

Վերջին հարցը, որը քննարկվել է, ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագծի վերաբերյալ եղել էր մեկ առաջարկ, որը հեղինակն ընդունել է: ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկել էր նախագծից հանել առաջին հոդվածը, որն ընդունվել է:

Նախագծերին ԱԺ գլխադասային հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այսօր և նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում նաև` «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Վաղը` դեկտեմբերի 9-ին, խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել:


© armedia.am