«ՀՀ և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. սեպտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարի և հոկտեմբերին ԵՄ նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից: ԵՄ մշակույթի ոլորտում թերևս ամենամեծն է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը, որը հասանելի է ԵՄ հարևանության երկրների համար:
Այս մասին դեկտեմբերի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` ներկայացնելով ««ՀՀ և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին, որի նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ուժեղացնելով մշակութային ստեղծարար ոլորտների մրցունակությունը և ապահովելով կայուն ու ներառական աճ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի մշակութային և ստեղծագործ ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև:
Կտրամադրվեն դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:
Սա ծրագրի երկրորդ շրջափուլն է: Ծրագրի շրջանակում կձևավորվի համապատասխան գրասենյակ, որը կզբաղվի մշակութային գործիչների իրազեկության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ:
Ըստ Արթուր Մարտիրոսյանի` ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրոյի մասնակցության վճար, որով Հայաստանը կկարողանա շատ ավելի մեծ գումարներ գեներացնել մշակույթի համար:
Պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Հայաստանին պարտադրվելու են հայ իրականության հետ կապ չունեցող մշակույթի ինչ-ինչ տարրեր, ասենք՝ անհասկանալի մշակույթների ներդրում ու տարածում: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մշակույթի ոլորտի՝ լայն առումով զարգացմանը: «Սա մեզ համար մեծ հնարավորություն է եվրոպական մեծ տիրույթում ծավալել մշակութային համագործակցություն, հայկական մշակույթը հանրահռչակել»,-մանրամասնել է հիմնական զեկուցողը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ կարևորելով ծրագրին մասնակից լինելը:
Քվեարկությամբ խորհրդարանն ընդունել է քննարկված նախագիծը: