Բելառուսը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին ՍՏՎ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Դմիտրի Ռյաբիխինը։
«Նրանք միակողմանիորեն դադարեցրել են (համագործակցությունը)։ Բայց Բելառուսի Հանրապետությունը միշտ պատրաստ է երկխոսության» - ասել է նա։
Ռյաբխինն ընդգծել է, որ «միջազգային ռազմական համագործակցությունը, անվանենք դա ընթացիկ տարվա «մինչև փետրվարի 24-ը» և դրանից «հետո», քանակական և որակական ցուցանիշներով չի փոխվել... փոխվել են համագործակցության որոշակի վեկտորներ»։
Նա ասել է, որ Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ համագործակցությունն ուժեղացնում է։ «Հաշվի առնելով այն, որ կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացվել։ Այն ունի ռազմական բաղադրիչ։ Այս երկրների հետ համագործակցության իրականացման շրջանակում մենք համագործակցության նոր արդյունավետ միջոցներ ենք գտնում»,- ասել է Բելառուսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Բելառուսի ՊՆ-ն «մշտապես պատրաստ է երկխոսության»։