Արցախցի Ռոմելա Մուսայելյանն ապրում է արդեն քսան օր պաշարված Արցախում։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա խնդրել էր Եռաբլուր գնացողներին այցելել նաև իր որդու՝ Արթուր Եղիազարյանի շիրմին, հաղորդում է Panorama.am-ը։
«Իմ ճանապարհը փակ է։ Մարդիկ, երեխուս աչքը ճամփին կլինի»,-գրել էր նա։
Արձագանքելով այդ խնդրանքին, այսօր երեկոյան զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ այցելել ու ծաղիկներ են խոնարհել արցախցի հերոս Արթուրի շիրմին։
««Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամներով եկել ենք շնորհավորելու նաև անմահացած Արթուր Եղիազարյանի Ամանորը։ 19-ամյա Արթուրը զոհվել է Մարտունիում՝ հրադադարից հաշված ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից…
Մեր բախտակցի՝ Արթուրի մոր ձայնը, լսելի է մեզ։ Մայրը՝ Ռոմելան այժմ գտնվում է Արցախում և ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողացել գալ Եռաբլուր, որ իր տղայի տանը դիմավորի Ամանորը։
Մենք կանգնած ենք և միշտ ենք կանգնելու Արցախում գտնվող մեր հայրենակիցների կողքին։
Արցախը մեր կարիքն ունի։
«Որդիների Կանչ» Հասարակական Կազմակերպությունը մաղթում է…
•Թո’ղ տարին խաղաղ լինի։
•ԹՈՂԵ’Ք, որ խաղաղ լինի։
•Մի՛ վաճառեք մեր հայրենիքը։
•Պայքարե’ք, որ հեռանա չարը, քանզի դա է միակ փրկությունը։
•Եվ վերջապես 2023-ին մաղթում ենք, որ ԱՊՐԵ’ՆՔ։
•Մի’ երազեք, որ խաղաղություն լինի, այլ պայքարե’ք խաղաղության համար։ Արժանապատիվ խաղաղության համար»։