ՆԱՏՕ-ի քարտուղարը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է պատրաստվի երկարատև հակամարտության Ուկրաինայում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը արևմտյան երկրներին կոչ է արել պատրաստվել երկարատև հակամարտության Ուկրաինայում, փոխանցում է News.am-ը։
«Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի»,- ասել է նա կիրակի բրիտանական Բի-բի-սի կորպորացիայի թղարկած հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել իր նպատակներից Ուկրաինայում։ Սթոլտենբերգի կարծիքով՝ զորահավաքը ՌԴ-ում վկայում է ռուսական զորքերի նոր հարձակման հնարավոր փորձի մասին։
Խոսելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության կնքման հնարավորության մասին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման պայմանագրի պայմանները կախված կլինեն մարտադաշտի իրավիճակից։ «Պատերազմների մեծ մասն ավարտվում է խաղաղ բանակցություններով։ Ամենայն հավանականությամբ, այդպես կլինի նաև այս պատերազմի դեպքում։ Բայց մենք գիտենք, որ պայմանները, որոնցով կկնքվի պայմանագիրն Ուկրաինայի համար, լիովին կախված են մարտադաշտում ուժերի հարաբերակցությունից»,- նշել է նա։ Այս առնչությամբ Սթոլտենբերգն անհրաժեշտ է համարել, որ Արևմուտքը շարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի «համոզի Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և Ուկրաինան ճանաչել որպես Եվրոպայի ինքնիշխան, անկախ պետություն»։