ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության 11-րդ փուլում չի կարողացել խոսնակ ընտրել։ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում Ֆլորիդայի նահանգը ներկայացնող հանրապետական Մեթ Հյեցը թեկնածուների ցուցակ է մտցրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հյեցն ասել է, որ, իր կարծիքով, պետության նախկին ղեկավարը շատ հարմար է Ներկայացուցիչների պալատը ղեկավարելու համար՝ որպես բոլոր հանրապետականներին ներկայացնող թեկնածու։ Նախկին նախագահի օրոք, ինչպես ասել է Հյեցը, «ամերիկյան աշխատավարձերը աճելեն, և նոր պատերազմներ չեն սկսվել»: «Ուստի ես առաջադրում եմ նախագահ Թրամփի թեկնածությունը, որովհետև մենք պետք է դարձնենք մեր երկիրը կրկին մեծ, և նա կարող է սկսել պալատը կրկին մեծ դարձնելով», - ասել է Հյեցը:
ԱՄՆ Սահմանադրությունը հստակ չի նշում, որ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ կարող է դառնալ միայն գործող և ընտրված կոնգրեսականը։ Այդուհանդերձ, երկրի պատմության մեջ ոչ մի նախադեպ չի եղել, որ Ներկայացուցիչների պալատի նախագահ դրսից մարդ ընտրվի։ Թրամփի թեկնածության օգտին քվեարկել է միայն մեկ մարդ՝ ինքը՝ Հյեցը։
Բացի նախկին նախագահից, քվեարկության 11-րդ փուլում Քևին Մաքքարթիին հանրապետականներից մրցակից է եղել Օկլահոմայից կոնգրեսական Քևին Հերնը, որը ստացել է յոթ ձայն։ Նախկինում առաջադրված Բայրոն Դոնալդսը Ֆլորիդայից, այս անգամ ընդհանրապես առաջադրված չի եղել։ Ձայների մեծամասնությունը տրվել է դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսին՝ 212, ինչը 12-ով ավելի է, քան Մաքքարթիինը։
Սակայն քվեարկության 11-րդ փուլը, ինչպես և սպասվում էր, անարդյունք է ավարտվել՝ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել 218 ձայն։ Խոսնակ ընտրելու փորձերը կվերսկսվեն ուրբաթ կեսօրին: