Վրաստանը 2008 թվականին Ուկրաինայից անվճար «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր չի ստացել, դրանք գնվել են գաղտնի պայմանագրով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի ուկրաինական «Европейская правда» պարբերականը հրապարակել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հոդվածը, որում նա ասում է, որ ուկրաինական կողմը վրացական կողմին խնդրել է վերադարձնել «Բուկ» համալիրները, որոնք Կիևը Թբիլիսիին է տրամադրել 2008 թվականին։
«Այն, որ Ուկրաինան Վրաստանին «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգեր է նվիրել, չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանության նախարարությունը «Բուկ» համակարգերը ստացել է 2007 թվականին՝ մի քանի միլիոն դոլարի գնման միջոցով։ Դա իրականացվել է գաղտնի համաձայնագրով, ինչի պատճառով մենք այլ մանրամասներ չունենք»,- ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։