Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը

14:30     11 հունվարի, 2023

Դժվար է խոսել այն հաղորդագրությունների հավաստիության մասին, թե Թուրքիան սկսել է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարել։ Կրեմլը հետևում է իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան գործընկերներ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Աստեղ, իհարկե, դժվար է խոսել այդ հաղորդագրությունների իսկության մասին։ Դուք գիտեք, որ ֆեյքերն ավելի շատ են, քան հավաստի ու ճշմարտացի հաղորդագրությունները։ Այդ պատճառով, անկասկած, մենք ուշադիր հետևում ենք այդ ամենին»,-ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան Ուկրաինային Bayraktar անօդաչու սարքեր է մատակարարում և նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, «իր պարտավորություններն ունի»։

«Միաժամանակ մեզ Թուրքիայի հետ միավորում են միանգամայն գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ շահի, փոխադարձ ըմբռնման, փոխադարձ հարգանքի և ամենադժվար խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամության վրա»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Foreign Policy պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներին, հայտնել է, որ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային է մատակարարում ամերիկյան նմուշի կասետային զինամթերք։


© armedia.am