Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:
Նախագծով կանոնակարգվում են նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին վերաբերող հարաբերությունները՝ սահմանելով, որ այդպիսի տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել օրենքում օգտագործվող հասկացությունների սահմանումները, տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները, գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրումը մերժելու հիմքերը, դրանց պաշտպանության բնագավառում կառավարության և պետական մարմինների լիազորությունների շրջանակը: Բացի այդ, ներկայացված նախագծի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել: